ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ալ․ Մանթաշյանցը և Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգումը

Ալ․ Մանթաշյանցը և Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգումը
15.02.2022 | 11:08

Մեծ բարերարի կամոք է նորոգվել Ս․ Էջմիածնի Մայր տաճարը։ Դա ապացուցում են փաստաթղթերը, որոնք հրապարակում եմ ստորև։ Միայն մի բանի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել։

Ի պատասխան կաթողիկոսական տեղապահ Գէորգ արքեպիսկոպոս Սուրէնեանի նամակի, Ալ․ Մանթաշյանցը նրբանկատորեն միայն մեկ պայման է առաջադրում՝ որ ստեղծվելիք նորոգման հանձնաժողովի կազմում լինի նաև Կոմիտաս վարդապետը։ Որովհետև հայ մշակույթի Անմահն իր ամենասիրելի որդեգիր-ուսանողն էր եղել։

«Մեծապատիւ բարեկամ Աղէքսանդր Իվանիչ
Քաջապէս յայտնի է ամենքին Ձեր անթիւ բարեգործութիւնները թէ եկեղեցիներին, թէ ազգային այլ և այլ հաստատութիւններին և թէ Ձեր բարերար հանդիսանալը բազմաթիւ ուսանողների և թէ առհասարակ ամեն կարօտաւոր և թշուառացած հայ անհատի օժանդակելը, որոնք չեն դադարում յար և միշտ արևշատութիւն խնդրելու իրենց բարեպաշտ և առատաձեռն բարերարի թանկագին կենաց համար։


Ձեր գերազնւութեան յայտնի է, որ Ս․ Էջմիածնի Տաճարն անհրաժեշտ կարիք ունի հիմնական նորոգութեան, մանաւանդ նորա տանիքը, որ գրեթէ միանգամայն վնասուած է այնպէս, որ անձրևի ջրերը սուզելով զանազան տեղեր և կաթիլներ առաջացնելով՝ միանգամայն վնասել են տանիքը, որ նոյն իսկ կարող է վտանգաւոր լինել։ Ի Տէր հանգուցեալ Հայրապետի թաղման առթիւ եկած պատգամաւորները զարմանում էին ազգի և մանաւանդ Մայր Աթոռի վարչութեան անտարբերութեան համար դէպի իրենց Նոր Սիօնը, որ է ամբողջ հայութեան սիրտն ու կեդրոնը, և արդարև, նոյն իսկ մեծ անպատւութիւն օտար այցելուների մօտ։ Այս ամենը Ս․ Էջմիածնի Սինօդը ի նկատի ունենալով՝ անցեալ 1907 թեւի մարտի 14-ին թ․ 561, դիմեց Ձեր ազնւութեան, խնդրելով Ձեր բարի ուշադրութիւնը Մայր Տաճարի տանիքի անհրաժեշտ նորոգութեան վերայ։ Արդ՝ որովհետև մինչև այժմ այդ առթիւ չստացուեց մի ուրախալի լուր, ուստի քաղցր պարտք եմ համարում ինձ դիմել Ձեր բարեպաշտութեան՝ իբրև անկեղծ բարեկամի, և խնդրել Ձեր բարի ուշադրութիւնը առ այժմ Մայր Տաճարի տանիքի նորոգութեան վերայ, թողնելով Տաճարի հիմնական նորոգութիւնը ըստ Ձեր բարեհայեցողութեան յարմար ժամանակի։ Տանիքի նորոգութիւնը միանգամայն թողնւում է Ձեր կամքին, ինչպէս կը կամենաք նորոգել տալ, Ձեր գիտութեամբ, Ձեր ճարտարապետի և Ձեր կողմից նշանակուած անձի հսկողութեամբ և ինչ նիւթից հաճելի կը լինի Ձեր մեծարգութեան։
Լիայոյս եմ, որ մօտ ապագայում Ձեր գերազնւութեան կողմից կը հետևի այս առթիւ մի մխիթարական և ուրախ լուր։


Օրհնելով Ձեզ և Ձեր ամբողջ գերդաստանին, մնամ միշտ ջերմեռանդ աղօթարար՝
Գէորգ Արքեպիսկոպոս Սուրէնեան
Ի 17 յունուարի 1908 ամի
Ի Ս․ Էջմիածին

Ամենապատիւ Սրբազան Հայր
Ստացայ Ձեր Սրբազնութեան 17 յունւարի նամակը և Ս․ Էջմիածնայ Տաճարի մասին Ձեր բոլոր նկատումները կատարելապէս գնահատում եմ։ Իմ կողմից ճարտարապետ ուղարկելն աւելորդ եմ համարում և ուզում եմ, որ այդ նորոգութեան գործն ի կատար հանուի միջոցներովս հետևեալ կերպիւ։


Ձեր Սրբազնութեան նախագահութեամբ մի փոքր յանձնաժողով պէտք է կազմուի, որի մէջ լինի բացի Ձեր Սրբազնութիւնից և Կոմիտաս վարդապետից, երկու կամ երեք անձինք Ձեզանից ընտրուած, և Ս․ Տաճարի նորոգութեան ու յարակից գործերը կատարուին այդ յանձնաժողովի կարգադրութեամբ և հսկողութեամբ։ Այդ նպատակին համար գրած եմ պ․ Դաւիթ Խարազեանին, որ մեր Տփխիսի կօնտօրը յանձնաժողովիդ խնդրած գումարները հետզհետէ ուղարկէ Ձեզ, մինչև որ լրանայ 40․000 րուբլի /քառասուն հազար րուբլի/, որ կը լինի այդ գործին յատկացուած գումարին ամբողջութիւնը։
Խնդակցութիւնս եմ յայտնում Ձեր Սրբազնութեան Մայր Աթոռոյ Տեղակալ կարգուելուն առթիւ և առանձնապէս ուրախ եմ Ս․ Էջմիածնայ Տաճարի նորոգութեան գործը, որ ամենամեծ ցանկութիւնս եղած էր, Ձեր Սրբազնութեան Տեղապահութեան օրովն է կատարուելու։
Ձեր Սրբազնութեան սուրբ աջն համբուրելով՝ մնամ խոնարհ յարգանօք և սիրով
Աղէքսանդր Մանթաշեան
Նիցցա 6/19 փետրւար 1908 թ․»։

Ի վերջո, երկարամյա ձգձգումներից հետո, Մայր Տաճարը նորոգվեց, բայց բարերարը չտեսավ իր գործի արդյունքը․․․

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 24805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ